Ամառային շոգ եղանակին հնարավորինս պետք է խուսափել փողոցային սնունդ օգտագործելուց եւ չգտնվել արեւի ճառագայթների տակ: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը եւ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Նրանց խոսքերով, հատկապես ժամը 12-17-ի սահմաները վտանգավոր է դրսում գտնվել, որովհետեւ մեծ է արեւահարվելու հավանականությունը: Նաեւ անհրաժեշտ է չօգտվել փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակներից, քանի որ նրանց սանիտարահիգենիկ պայմանները չեն պահպանվում,  ինչպես նաեւ բակերում վաճառվող կաթնամթերքներից եւ մայթերին դրված ձմերուկներից:

Վանյանը նաեւ նշեց, որ ներկայումս շնչառական հիվանդությունների  նվազում է նկատվում: Նրա խոսքով հուլիսից սկած առողջապահության նախարարությունը  նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ դիմակայելու համար սեպտեմբերի վերջից գլուխ բարձրացնող սուր վարակային հիվանդություններին:

 Իսկ Վահան Պողոսյանն էլ նշեց, որ բոլոր բժշկական հիմնարկություններն ապահովված են անտիգյուրզին հակաթույնով, որի անհրաժեշտութունը հատկապես առաջանում էամռան այս ամիսներին, երբ ակտիվանում են թունավոր սողունները: