Ուղիղ 18 տարի առաջ` 1992-ի հունիսի 21-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ներքին գործերի համակարգում ստեղծվեցին Ներքին զորքերը, որոնք այսօր կոչվում են Ոստիկանության զորքեր:

Այս կապակցությամբ Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է.

«Ներքին զորքերի ստեղծումը Հայաստանի Հանրապետության համար պատմական անհրաժեշտություն էր, առաջին քայլերից մեկը` պետական կառույցների կազմավորման գործում:

Ծանրագույն խնդիր էր առաջադրված Ներքին զորքերին: Օգտվելով անցումային շրջանի դժվարություններից եւ պատերազմական վիճակից` երկրում գլուխ էին բարձրացրել  քրեածին տարրերը, զինված հանցախմբերը, տարբեր կարգի արկածախնդիրներ, որոնց ոտնձգությունները վտանգում էին ոչ միայն ներքին կայունությանը, այլեւ պետության կայացման հեռանկարը: Միեւնույն ժամանակ` Ներքին զորքերի ստորաբաժանումները պետք է զորավիգ լինեին Հայաստանի սահմանները պաշտպանելու ելած կամավորական ջոկատներին, ավելին` օրինակ դառնային կանոնավոր բանակի կազմավորման համար:

Ներքին զորքերն արժանապատվորեն կատարեցին այս խնդիրները: Մարտական մկրտությունը ստանալով Գորիսի գյուղերի պաշտպանության ժամանակ` Ներքին զորքերի մարտիկներն իրենց փառքով պսակեցին Լաչինի, Ֆիզուլիի, Օմարի մարտերում: Հարյուրավոր զինծառայողներ մասնակցեցին հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից շատերն արժանացել են պետական բարձր պարգեւների:

Ավաղ, ունեցանք նաեւ թանկ կորուստներ. մեր տասնյակ զինակիցներ իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի»: