Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 54 շենքի մոտ զինամթերք է թողնում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, տոպրակի մեջ հայտնաբերել է Ֆ-1 տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ազդանշանային 2 գլանակ, 26 մմ տրամաչափի ազդանշանային 5 փամփուշտ, ԱԿՄ տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 121 փամփուշտ եւ ինքնաձիգի դատարկ պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը ժամը 18.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Էրեբունու եւ Արցախի փողոցների խաչմերուկում գտնվող չգործող բենզալցակայանի մոտ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 1962 թ. արտադրության Մակարով տիպի ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


























