«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հունիսի 23-ին ժամը 11-ին բողոքի բազմամարդ ցույց է կազմակերպում Մելիք–Ադամյան 2 հասցեում գտնվող Կառավարության նիստերի դահլիճի դիմաց: Հենց այդ դահլիճում է կայանալու ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ հիշյալ խնդրի քննարկումն ու քվեարկությունը:
«Այդքան չարչրկված օրինագիծը, որը երկու ամիս շարունակ ենթարկվեց լրջագույն քննադատության և հասարակական հակազդեցության, ի վերջո որոշվել է դնել քվեարկության ԱԺ արտահերթ նիստում։
Մեր կազմակերպված եւ հետևողական ճնշման ներքո նախագծի հեղինակները ակնհայտորեն նահանջել են, եւ այսօր արդեն խոսվում է Երեւան քաղաքից դուրս ընդամենը երկու միջազգային դպրոց բացելու մասին։ Այդուհանդերձ, օրենքի փոփոխությունն ամեն պարագայում անթույլատրելի է եւ խիստ վտանգավոր։ Բացի դա, անգամ այդ երկու դպրոցներում ՀՀ հայ քաղաքացիները պետք է սովորեն հայերեն լեզվով»,- նշում են նախաձեռնության հեղինակները:
«Մեր ներկայությամբ եւ ակտիվությամբ սկսված գործը հասցնելու ենք հաղթական ավարտին եւ կանխելու ենք չարաբաստիկ օրինագծի ընդունումը»,- ասված է հայտարարության մեջ:


























