Հունիսի 21-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում վթարված ավտոմեքենայում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.46-ին, մարվել` 17.49-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 16 ՍՕ 982 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Արեւաշատ գյուղի բնակիչ, 22-ամյա Երվանդ Բաբայանը եւ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Զինաիդա Գրիգորյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը ծանր կայուն է:

Նույն օրը հրդեհ է բռնկվել նաեւ Երեւանի Բագրատունյաց պողոտայի 6-րդ փակուղու թիվ 21/3 հասցեում գտնվող բիտումի հալեցման արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվել ՀՓԾ տնօրեն-ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.18-ին, մարվել` 12.28-ին: Այրվել է Ռ. Զաքարյանին պատկանող բիտումի հալեցման արտադրամասի տանիքը` 150 քմ. մակերեսով: