«Ցանկացած անձ, ով ունի գիտելիքներ ստանալու անհագ ցանկություն, նա կստանա այդ գիտելիքները ցանկացած լեզվով»՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով օտարալեզու դպրոցների վերաբացման կառավարության նախաձեռնությանը՝ ասել է «Ժառանգությունից» հեռացած, այժմ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը։ «Ամենեւին կարիք չկա նսեմացնել մեր պետական լեզվի դերը, քանի որ մենք ազգ ենք, պետություն ենք, եւ մեր օջախներից, մեր սիմվոլներից մեկը հանդիսանում է հենց լեզուն։ Եթե մենք գնանք նման՝ օտարամոլության ճանապարհով, ապա վաղը մոդայիկ կդառնա նման մոտեցումը եւ շատ-շատերն իրենց էլիտար զգալու հանգամանքը կբացատրեն օտարալեզու դպրոցում սովորելու հանգամանքով։ Դա հասարակության մեջ շերտավորում կմտցնի։ Սակայն մենք սոցիալական պետություն ենք, որտեղ նման շերտավորումները բացառելու գործում շատ մեծ է հենց կրթության դերը։ Որքան մարդն ավելի կրթված է, եւ որքան այդ կրթական մակարդակը բարձր է, այնքան հեշտ լուծելի են այդ հասարակության մեջ առկա խնդիրները»,-նշեց Թադեւոսյանը։
Ընդդիմության ներկայացուցիչն ընդգծեց նաեւ, որ օտարալեզու դպրոցների վերաբացումը իսկական ցնցում կարող է առաջացնել հասարակության ներսում, ինչի դրսեւորումներին արդեն ականատես ենք լինում։ Ըստ նրա՝ այդ նախաձեռնության նպատակը նաեւ հասարակության ուշադրությունը շատ ավելի կարեւոր ու էական խնդիրներից շեղելն է։ «Մենք այսօր ունենք շատ ավելի կարեւոր խնդիրներ եւ հասարակության ուշադրությունը պետք է կենտրոնացնել հենց այդ խնդիրների, եւ ոչ թե օտարալեզու դպրոցներ բացելու խնդրի ուղղությամբ»,-նկատեց ընդդիմության ներկայացուցիչը։
Զոյա Թադեւոսյանն, ի դեպ, հայկական դպրոց է ավարտել եւ ինչպես ինքը հավաստեց՝ ազատ տիրապետում է ռուսերենին, հաղորդակցվում է նաեւ անգլերենով։ «Ես հասկացել եմ, որ այդ լեզուներն իմանալը անհրաժեշտ է եւ սովորել եմ։ Դրա համար պարտադիր չէ, որ պետություն հոգ տանի, թե ես կամ իմ երեխաներն ի՞նչ լեզվով կխոսեմ կամ կսովորե՞մ արդյոք։ Ամեն մարդ ինքն է որոշում»,- նշեց նա։


























