Իսպանիայի կառավարությունը եւ իշխող Ժողովրդական կուսակցությունը դատարանում բողոքարկելու են  Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասի հրամանագիրը՝ անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին, հայտնում է El Pais-ը:

Թերթը հայտնում է, որ Մասը հրամանագիրը ստորագրել է հոկտեմբերի 2-ին: Հանձնաժողովում ընդգրկվելու է 7 մարդ: Այսպիսով, Կատալոնիայի իշխանությունները չեն ենթարկվել երկրի Սահմանադրական դատարանի վճռին՝ նոյեմբերի 9-ին ինքնավարության  հանրաքվեի նախապատրաստումը դադարեցնելու վերաբերյալ:

Հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 3-ին՝ Diario Oficial de la Generalitat կայքում:

Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով Իսպանիայի Սահմանադրությանը հակասող ճանաչել Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու մասին օրենքը: Սահմանադրական դատարանը վարույթ էր վերցրել կառավարության հայցերը, որը նշանակում է Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու մասին օրենքի  ավտոմատ կասեցում: