Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար որոշակի ապրանքներ ռուսական շուկա արտահանելու պայմաններ կստեղծեն, հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  ՀՀ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ԵՏՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ նախագիծը:  «Եվ հոկտեմբերի 10-ին այն քննարկման է դրվելու: Մեծ հավանականություն կա, որ այս անգամ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Առաջին հերթին մենք կօգտվենք 4 ազատություններից՝ ապրանքների տեղաշարժման, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատություն: Երկրորդ,  մեր տնտեսությունը 70 տարվա ընթացքում կապված է եղել Ռուսաստանի հետ », - ընդգծել է Սաֆարյանը:

Նա շարունակել է, որ ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը, այդ միությանն անդամակցելը հնարավորություն կստեղծի, որպեսզի Հայաստանը տնտեսապես գրավիչ երկիր դառնա, որտեղ ներդրողները կարող են արտադրություն կազմակերպել եւ այդ ապրանքները իրացնել Ռուսաստանի եւ ԵՏՄ անդամ պետությունների շուկաներում, այսինքն՝ 170 միլիոնանոց շուկայում:  «Մեր ընդդիմադիրներն ասում են, որ եվրոպական շուկան 500 միլիոնանոց է, սակայն այն կայացած շուկա է, անծանոթ մեզ՝ մեր արդյունաբերական ապրանքների տեսանկյունից », - ընդգծել է Վազգեն Սաֆարյանը: