Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) հոկտեմբերի 10-ին Մինսկում քննարկելու է անդամ-պետությունների վճարումների մասնաբաժնի բաշխման հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Այս մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը հոկտեմբերի 10-ի նախաշեմին պատրաստվել է: Ստորագրման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին:
Լիխաչովը նշել է, որ ներկայում վճարումները համապատասխանում են ներմուծման տուրքերին: «Այդ բանաձեւը մոտավորապես այսպիսին է. 88%՝ Ռուսաստանի Դաշնություն, 4.7%՝ Բելառուս, 7.3%՝ Ղազախստան: Նույն մասնաբաժնով էլ ներկայում երկրները վճարումներ են կատարում միության պահպանման համար: Առայժմ Եվրասիական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին հանդես է գալու 2015 թվականի ընթացքում ապագա միությունում այդ սանդղակը պահպանելու առաջարկությամբ»,- ասել է Լիխաչովը՝ հավելելով, որ մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը, պետք է որոշում ընդունվի 2016 թվականից այդ վճարումները վերաբաշխելու մասին:
Միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը 2015 թվականին վճարումներ չի կատարելու: «Եթե Հայաստանը միանա, ապա 2016 թվականից նա մոտավորապես 1% կվճարի: Եվ մենք ընդհանուր առմամբ սատարում ենք 2015թ. այժմյան սխեման պահպանելու մասին առաջարկությունը»,- ասել է Լիխաչովը: Նա հավելել է, որ ներկայում անդամ-պետությունների կողմից Մաքսային միության վճարումները կազմում են տարեկան 5.5 մլրդ ռուբլի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 3-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման օրենքը:




























