Հունիսի 23-ին, ժամը 13.55-ին Իջեւան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղին հարակից գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր են մեկնել Իջեւան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել: Ըստ ականատեսների` տեղի է ունեցել 10 կգ գազի բալոնի փականի դուրս նետում, ինչի հետեւանքով Դիտավան գյուղի բնակիչ, 52-ամյա Վ. Սարդարյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Իջեւանի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տուժածը դուրս է գրվել:


























