Ժնեւում հոկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը մեկնարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ բանավեճով:
Ելույթ ունենալով պատվիրակների առջեւ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերն ավելի քան 50 երկրների 200 պատվիրակներին կոչ է արել աջակցել «Ուկրաինայի ճգնաժամում ռազմական եւ քաղաքական տրամաբանության շատ փխրում առաջընթացին»:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի համար շարունակում է առաջնահերթ մնալ Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարումը: «Կողմերը պետք է շարունակեն քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ավելի կայուն դարձնելու համար եւ իրականացնեն Մինսկում ստանձնած բոլոր պարտավորությունները: Տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այլ ոչ թե ուժի»,- հավելել է նա:
Բուրկհալտերը հատկապես ընդգծել է երկխոսության աջակցության հարցում ԵԱՀԿ ԽՎ-ի կարեւոր դերը: Իր հերթին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան անդրադարձել է Ուկրաինայի խնդրին, ինչպես նաեւ «Իսլամական պետության» եւ ծայրահեղական այլ խմբավորումների կողմից բխող սպառնալիքին՝ խորհրդարանականներին կոչ անելով միասին աշխատել այդ մարտահրավերներին միջազգային պատասխանն ամրապնդելու համար:



























