Մեքսիկայի դաշնային իշխանություններն իրենց վրա են վերցրել երկրի արեւմտյան Իգուալա քաղաքի անվտանգության ապահովումը՝ զինաթափելով տեղական ոստիկանությանն ու ձերբակալելով մի քանի իրավապահի: Նրանց մեղադրում են զենքի չարդարացված կիրառման մեջ, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել:
«Դաշնային ոստիկանության ժանդարմերիայի ստորաբաժանումն այսուհետ իր վրա է վերցնում Իգուալայի հանրային անվտանգության պահպանության պարտականությունը: Հատուկ դեպքերում ժանդարմերիայից կարող է միանալ նաեւ բանակը»,- գրում է ՏԱՍՍ-ը:
Մեկուկես շաբաթ առաջ ոստիկանները կրակել էին կրթական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի դուրս եկած ուսանողներին: Դաշնային իշխանությունները կարծում են, որ ոստիկանությունը գործել է տեղական բանդայի հետ համաձայնությամբ:
Վեց ցուցարար մահացել է, իսկ ավելի քան քառասուն հոգի անհետ կորած է համարվում: Իգուալայի շրջանում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել, որոնցից 28 մարմին է դուրս բերվել: Քննչական մարմիններն այժմ պարզում են, արդյո՞ք այնտեղ են թաղվել նաեւ կորած ուսանողները:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն խոստացել է կատարվածի մանրամասն հետաքննություն անցկացնել:


























