Հոկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական ռազմական համագործակցության համակարգման ամենամյա խորհրդակցությունները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության եւ Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության ներկայիս կարգավիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 8-ին Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ռազմածովային ուժերի բրիգադի գեներալ Ալեկսանդրոս Դիակոպուլոսին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:

Հունական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել է հայ-հունական  ռազմական համագործակցության 2015թ. պլանը: