Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Էջմիածին քաղաքի տոնի առիթով Հայաստան ժամանած Էջմիածնի քույր քաղաքներ Պետրոզավոդսկի (Ռուսաստանի Դաշնություն), Ֆրեզնոյի (ԱՄՆ) եւ Իսի-լե-Մուլինոյի (Ֆրանսիայ) ներկայացուցիչներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան եւ նրանց մասնակցությունը քաղաքի 2699-ամյակի առիթով կազմակերպուած տոնակատարություններին` Արշակ Սրբազանը Էջմիածնի քույր քաղաքների ներկայացուցիչներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Մայր Աթոռի դիվանապետն ուրախությամբ հաստատեց, որ Էջմիածնի տոնն արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել, եւ այդ առիթով շնորհավորեց ներկաներին` կարեւորելով քույր քաղաքների միջեւ սերտացող կապերն ու գործակցությունը տարբեր ոլորտներում: Սրբազան Հայրն անդրադարձավ նաեւ քաղաքային իշխանությունների եւ Մայր Աթոռի միջեւ առկա ջերմ փոխհարաբերություններին:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով քույր քաղաքների կողմից ծրագրվող համատեղ միջոցառումների մասին:



























