Հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիան Չանչունին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց դեսպանի պաշտոնավարման ընթացքում սերտ համագործակցության համար եւ հավաստեց, որ արդեն ձեւավորված ավանդույթը, ցանկությունն ու ներուժը երկուստեք կնպաստեն գործընկերության հետագա խորացմանը:
Տիան Չանչունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ներկայացրեց իր դիտարկումները հասարակական կարգի պահպանման եւ հանցավորության դեմ պայքարի գործում հայ իրավապահների ձեռքբերումների, աշխատանքում որակական տեղաշարժերի վերաբերյալ, ինչի շնորհիվ Հայաստանն այսօր աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է:
Անդրադառնալով ոստիկանական ոլորտում համագործակցության խնդիրներին՝ դեսպանը համոզմունք հայտնեց, որ հետագայում էլ կարվի ամեն ինչ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
































