Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ, հայերն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, բողոքի ակցիա են իրականացրել այդ երկրի խորհրդարանի շենքի առջեւ, որտեղ իրենց վրդովմունքն են արտահայտել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Սիրիայի Դեր Զորի հայկական եկեղեցու ավերման հետ կապված:
Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, բողոքի ակցիային միացել են նաեւ քրդեր, եզդիներ ու ասորիներ, որպեսզի դատապարտեն Կոբանիում ողբերգական իրադարձությունների ֆոնին միջազգային հանրության անգործությունը: Ակցիային մասնակցել է մոտ 1600 մարդ:
Միջոցառմանը հանդես են եկել բազմաթիվ քաղաքական գործիչներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քաղաքական գործիչների շարքում են եղել Ֆրանսուա Բայրուն, Նիկոլա Բոնեն, Վալերի Բուայեն, Մեյեր Աբիբը, Անրի Ժիբրայելը, Պատրիկ Լը Յարիկը, Բրյունո Լը Ռուն, Նոել Մամերը, Ֆրանսուա Պյուպոնին, Ֆրանսուա Ռոշբլուանը:



























