Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը դատի է տվել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, պահանջելով ներողություն խնդրել զենքի առեւտրով զբաղվելու մեղադրանքի համար: Այս մասին գրում է «Ուկրինսկայա պրավդա»-ն՝ մեջբերելով նախարարին, որն այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, Հակաահաբեկչական գործողությունների գոտու ստորաբաժանումների հրամանատարների ներկայությամբ:

Նա հիշեցրել է, որ ժամանակին Տիմոշենկոն հրապարակավ իրեն եւ ՊՆ-ին մեղադրել է զենքի վաճառքի մեջ, այդ թվում անջատողականներին:

Ըստ աղբյուրի, Գեյետեյը ցույց է տվել իր հանձնարարականը, որտեղ արգելել է ՊՆ-ի իր ենթականերին զենք ու տեխնիկա օտարել: Նա ցույց է տվել նաեւ ՊՆ-ում ստուգումներից հետո գլխավոր դատախազության եզրակացությունը, որտեղ նշված է, որ զենքի վաճառքի փաստեր չեն գրանցվել:

«Դրա համար ես դատի եմ տվել եւ ուզում եմ, որ Յուլյա Տիմոշենկոն իր կուսակիցների հետ ներողություն խնդրի ոչ թե ինձնից, այլ յուրաքանչյուր մարտիկից, հատկապես Հակաահաբեկչական գործողության գոտում ծառայողներից: Որպեսզի մարտիկները տեսնեն, որ ՊՆ-ն ոչ մի զենք չի վաճառել, տանկ ու զրահամեքենա չի օտարել: Ես ուզում եմ, որնա հերքի դա եւ ներողություն խնդրի»,-ասել է Գելետեյը: