ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ անդամ երկրների տարածաշրջանի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի տնօրեն Մարի Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում նախարար Ասատրյանն իր գոհունակությունը հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ եւ առարկայական համագործակցության համար եւ, նշելով, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդեն 20 տարվա համագործակցության փորձ ունի, իր երախտագիտությունը հայտնեց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերի եւ նախարարության քաղաքականությանն աջակցելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրեն Մարի Պիեռ Պուարեն, իր հերթին, նույնպես կարեւորեց նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապը՝ համարելով, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարեւոր դաշնակից է իրենց համար, միաժամանակ նշելով, որ իրազեկված է կատարված եւ ընթացիկ ծրագրերին:
Հանդիպման ընթացքում Մարի Պիեռ Պուարեն խոսեց ինտեգրված սոցիալական ծառայության մասին՝ որակելով այն շատ կարեւոր եւ ոգեւորիչ նախաձեռնություն: Անդրադարձ կատարվեց խնամատար ընտանիքների ֆինանսավորման խնդրի վրա եւ գնահատվեցին ընթացիկ փուլում իրականացված աշխատանքները: Մարի Պիեռ Պուարեն խնամատար ընտանիքների մասով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ ֆինանասական աջակցություն առաջարկեց:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրենն անդրադարձավ հասարակության մեջ սոցիալական աշխատողի դերին եւ գործունեությանը, այս առնչությամբ հետաքրքրվեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարեւորելով սոցիալական աշխատողի ինստիտուտը, նշեց, որ այսօր Հայաստանում սոցիալական աշխատողը ավելի շատ վարչարարական գործունեությամբ է զբաղվում, մինչդեռ նրանց գործունեությունը պետք է ուղղված լինի հասարակության խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը եւ համապատասխանաբար դրանց ուղղությամբ անհատական սոցիալական ծրագրերի իրականացմանը: Նախարարի ներկայացմամբ՝ սոցիալական աշխատողը պետք է կանխարգելիչ դեր կատարի խոցելի ընտանիքներում, գնահատի ընտանիքի կարիքները, երեխային ուղղորդի կրթական հաստատություն՝ զերծ պահելով նրան ոչ բարենպաստ միջավայրից կամ մանակատուն ընկնելուց:
«Միայն նման դեպքում պետական բյուջեի միջոցներն ավելի հասցեական ու նպատակային կդառնան եւ կծառայեն իրենց բուն նպատակինե,-իր խոսքում նշեց նախարարը:
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը դառնալու է ինտեգրված սոցիալական ծառայությունների մի մասը:
Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը հուշանվերներ հանձնեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ անդամ երկրների տարածաշրջանի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրեն Մարի Պիեռ Պուարեին:





























