ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն  Մարի-Պյեր Պոիրիերի գլխավորած պատվիրակությանը: Ա. Աշոտյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարեւորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր:

Մարի-Պյեր Պոիրիերին իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում, որի հետեւանքով բոլոր երեխաներին տրվել են կրթական միանման հնարավորություններ: Այդ կապակցությամբ նախարարը հույս է հայտնել, որ ԱԺ աշնանային նստաշրջանում հավանության կարժանա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մինչեւ 2025 թվականն անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ուղղված հատուկ ուսումնական հաստատությունների վերակազմակերպմանը եւ ներառական համակարգի հզորացմանը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը եւ ԱՄՆ Զարգացման գործակալությունը արդեն իսկ ստորագրել են 5-ամյա ծրագրի համաձայնագիր, որի նպատակն է աջակցել կառավարությանը` բարեփոխելու երեխաների խնամքի համակարգը եւ բեռնաթափելու գիշերօթիկ խնամքի հաստատությունները: Ծրագրի բաղադրիչներից մեկը ներառական կրթության զարգացումն է:

Քննարկվել է նաեւ դպրոց չհաճախող կամ չհաճախելու ռիսկի տակ գտնվող երեխաների հատնաբերման եւ ուղղորդման ծրագրին առնչվող հարցեր: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը Լոռու մարզում իրականացնում է նշված փորձնական ծրագիրը, որի նպատակն է մշակել մարզային կրթական, սոցիալական, առողջապահական, ոստիկանության, համայնքային ծառայությունների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմներ՝ երեխաների դպրոցից դուրս մնալը կանխելու համար: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ  վերոնշյալ փորձնական ծրագիրը հետաքրքիր փորձ է. ցանկալի կլիներ, որ այն դրվեր հանրային քննարկման եւ տարածվեր ՀՀ բոլոր մարզերում: Գործընթացը, ըստ Ա. Աշոտյանի, ներառում է տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանքի հնարավորություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նաեւ նախադպրոցական կրթության ձեռքբերումները: Մասնավորապես, ՄԱԿ ՄՀ-ը մասնակցում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախադպրոցական ծառայությունների զարգացման ծրագրին, որում կարեւորվում է սոցիալապես խոցելի խմբերի ներառման անհրաժեշտությունը:  Ա. Աշոտյանի խոսքով` ծրագրում ներկայումս ներառված են 5-6 տարիքային խմբի երեխաներ, եւ նախատեսվում է, որ մինչեւ 2017 թվականը 6 տարեկանների ընդգրկվածությունը ծրագրին կկազմի մինչեւ 90 տոկոս: Նախարարը կարեւորել է ծրագրի արդյունավետությունը նաեւ ավելի ցածր տարիքային խմբի համար. այդ ուղղությամբ ներկայումս կառավարությունը քայլեր է ձեռնարկում` ուղղված նախադպրոցական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը: