«Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելով, իշխանությունները ցույց տվեցին, որ արհամարում են ժողովրդին: Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Հայաստանի այպես կոչված վերնախավը արհամարում է ժողովրդին, որովհտեւ մինչեւ հիմա լուրջ դիմադրություն չի տեսել նրա կողմից իր որոշումների դեմ: Իրենց մոտ այնպիսի զգացողություն է, որ առաջինը՝ ինչ ուզեն կանեն եւ երկրորդը՝ այդ արհամարանքը վերածվել է նրան, որ իրենք իրենց բարդութավորում են, թե իրենք էլ են այն հայերից, որոնց արհամարում են եւ ուզում են առանձնանալ ու իրենց երեխաների համար ստեղծել «վերնախավային դպրոց»,-նշեց իրավապաշտպանը: Նա չբացառեց, որ օտարալեզու դպրոցներ բացելը օտար երկրների պարտադրանքն է՝ հավելելով, որ հնարավոր է նաեւ շահույթից դրդված են իշխանությունները փորձում այս օրինագծերը փոխել:
Ինչ վերաբերվում է իշխանավորներից ոմանց այն տեսակետին, թե «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման բողոքի ցույցերը գունավոր հեղափոխության նախապատրաստություն են, Իշխանյանն ասաց. «Էժանագին պատասխանը գունավոր հեղափոխության մասին, ծիծաղելի է: Չնայած ունեն փող, պաշտոն, ամեն գիշեր քնելուց ծիածան են տեսնում եւ գունավոր հեղափոխություններ ու վախից արթնանում են: Գուցե նրանք փորձում են ազդել կոճակ սեղմող պատգամավորների վրա, թե սա իշխանության համար պայքար է: Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես մարդ կարող է գաղափարի համար ինչ- որ մի քայլ անել, եթե մեջը «քյար» չկա»:


























