Գիտության առեւտրայնացումը մնում է հիմնախնդիր։ Հաջորդ տարվանից պետական բյուջեից գումարներ են հատկացվելու ինովացիոն բնույթի ծրագրերի ֆինանսավորման համար, սակայն կֆինանսավորվեն միայն այն ծրագրերը, որոնք մասնավոր հատվածից եւս կունենան որոշակի համաֆինանսավորում: Այս մասին հունիսի 25-ին «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` ավելացնելով, որ միայն մասնավոր հատվածից համաֆինանսավորում գտած ծրագրերը կարող են դրվել քննարկման:
Ըստ Հարությունյանի` գիտության արդյունքների առեւտրայնացման գործով պետք է զբաղվի գիտնականի մենեջերը, տվյալ դեպքում` գիտության գծով պրոռեկտորը: «Գիտության գծով պրոռեկտորը պետք է գնա բանակցությունների մասնավոր հատվածի հետ, ներկայացնի ծրագիրը եւ ասի, թե ինչով է կարեւոր այն եւ գործարարի որ խնդիրների լուծմանը կարող է այն նպաստել»,- ասաց Հարությունյանը` նշելով, որ պրոռեկտորը պետք է միջնորդ հանդիսանա գիտնականի եւ գործարարի միջեւ:
NEWS.am-Ինովացիայի թղթակցի այն հարցին, թե պրոռեկտորը ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի օգնելու գիտնականին, Գիտության պետական կոմիտեի նախագահը զարմացած պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում շահագրգռվածություն, դա նրա գործն է, եւ այդ խնդիրների լուծման համար նա բավականին լավ է վճարվում»:
Պարզվում է` պրոռեկտորի աշխատավարձը 300-400 հազար դրամ է (մոտ 1000 դոլար): «Նրան հո սիրուն աչքերի համա՞ր չեն տալիս այդ գումարը»,- իր տեսակետը հիմնավորեց գիտական քաղաքականության գծով գլխավոր պատասխանատուն:
Սակայն պրն. Հարությունյանն այդպես էլ թեկուզ 1 օրինակ չկարողացավ նշել, երբ պրոռեկտորներին հաջողվել է օգնել գիտնականին՝ առեւտրայնացնելու իր գյուտը:


























