Այս կամ այն հարցի արդիականությունը որպես կանոն որոշվում է հանրային կարծիքի հարցման միջոցով: Համանման եղանակով որոշվում են հարցի լուծման ուղիները:

Ադրբեջանի հասարակությունը բացառություն չէ, եւ մասնագետ սոցիոլոգներին զուգահեռ, հանրային կարծիքը պարզելու գործը ստանձնել են լրատվամիջոցները: Այսպես, contact.az կայքում  հարցումների մի ամբողջ շարք կա:

Ընդհանուր առմամբ, հպանցիկ հայացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հասարակությանը մտահոգող երեք հիմնական «կետ» կա՝ Ռուսաստանը, Հայաստանը եւ սեփական իշխանությունները:

Վեց հարցումներից երեքն ուղղակիորեն կապված են Հայաստանի եւ ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Հարցումներից մեկը նվիրված է Ռուսաստանին, եւս երկուսը՝ իշխանություններին:

Ցավոք, կողմնակի ընթերցողը չի կարող տեսնել հարցումների արդյունքները, սակայն հատկանշական է քվեարկությանը մասնակցել ցանկացողների սակավաթվությունը, բացառությամբ՝ մեկ հարցման:

Այսպես, «Ո՞րն է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների պատճառը» հարցին արձագանքել է ընդամենը 269 մարդ:  «Ի՞նչ եք մտածում Քելբաջարի պարտիզանների գործողությունների մասին» հարցին պատասխանել է 374 մարդ:

Ամենամեծ իրարանցում առաջացրել է «Համաձա՞յն եք իշխանությունների այն վարկածին, որ Լեյլա Յունուսն Ադրբեջանի թշնամին է», որին պատասխանել է 24054 մարդ: Արդիական էր նաեւ «Հավատո՞ւմ եք, որ Ռաուֆ Միրկադիրովը հայկական լրտես է» հարցը, որին պատասխանել է 900 մարդ:

Ընդ որում «Ո՞րն է այսօր Ադրբեջանի համար ամենից մեծ սպառնալիքը» հարցին պատասխանել է  3614 մարդ: Այստեղ պատասխանների տարբերակներն են եղել ղարաբաղյան հիմնախնդիրը,  իշխող ռեժիմը, արեւմտյան երկրները եւ այլն: 

«Ո՞ր երկիրը ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին ռուսական հնարավոր ներխուժման դեպքում» հարցին պատասխանել է 575 մարդ: Այստեղ պատասխանների շարքում Թուրքիայից, Իրանից եւ ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ն է: Այսինքն՝ ադրբեջանցի գիտունների կարծիքով, ՆԱՏՕ-ն «երկիր» է: Սակայն հարեւան երկրում գրագիտության մակարդակին կանդրադառնանք մեկ այլ անգամ: