Կեղծ ձեւաթղթերով տեղեկանքներ պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակից Ս.Մկրտումյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս. Մելքոնյանի հետ, իրացնելու նպատակով 2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձեւաթղթերով կազմված փաստաթղթեր եւ դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց` ՀՀ-ում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս. Մկրտումյանին եւ Ս. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:


























