Հայաստանը մասնակցելու է Վենետիկի 54-րդ բիենալեին:

1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: Յուրաքանչյուր բիենալե ունի իր թեման: 2011-ի` 54-րդ բիենալեն, կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: Այն կշարունակվի հունիսից նոյեմբեր: Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, ունի կոմիսար եւ համադրող, ովքեր պատասխանատու են ազգային նախագծի ներկայացումը բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի կարծիքով, Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով:

Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի մշակույթի նախարարության որոշմամբ Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը: Վերջինս արդեն հունիսի 25-28-ը հայկական տաղավարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար կգտնվի Վենետիկում: Նրա հավաստմամբ, հուլիսի կեսին արդեն կկազմակերպվի բաց քննարկում արվեստի խնդիրներով մտահոգ մարդկանց, տեսաբանների, արվեստագետների մասնակցությամբ: