Կիեւում միջազգային հանցավոր խմբի գործունեությանը մասնակցության կասկածվող Ուկրաինայի երկու քաղաքացի է ձերբակալվել:

Korrespondent.net-ը, վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, հայտնում է, որ հանցագործները մարդկային օրգաններ են հափշտակել՝ դրանք հետագայում վաճառելու նպատակով:

«Չարագործները պոտենցիալ դոնորներին ընտրում են գյուղական վայրերի ոչ այդքան ապահովված բնակիչների շրջանից եւ նրանց ուղարկում Ասիայի ու Լատինական Ամերիկայի երկրներ՝ օրգանների փոխպատվաստման ապօրինի վիրահատություններ կատարելու նպատակով: 2010-2014թ. նրանց զոհերի թվում են Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Լիտվայի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ», - ասվում է հաղորդագորւթյան մեջ:

Հիշեցնենք, որ 2010թ. Շալիմովի անվան ինստիտուտի (Կիեւ) 3 բժիշկ-փոխպատվաստող էր ձերբակալվել: Իրավապահների տվյալներով՝ բժիշկները ներգրավված են եղել հանցավոր խմբավորման գործունեությանը, որի մասնակիցները երկար ժամանակ զբաղվել են Ուկրաինայից Ադրբեջան մարդկանց վաճառքով: Խմբավորման առաջնորդը բժշկական կրթություն չունեցող Իսրայելի քաղաքացի է եղել:

Քննության տվյալներով՝ ինստիտուտի բժիշկնեը 25 վիրահատություններից 15-ը Ադրբեջանում են կատարել, մնացածները՝ Էկվադորում եւ Կոսովոյւմ: Երկու վիրահատություն անմիջականորեն իրականացվել է Շալիմովի անվան ինստիտուտում: