Հունիսի 21-23 Կանադայի Վինիփեգ քաղաքում տեղի է ունեցել Համաշխարհային միջկրոնական համագումարը, որը կոչված է եղել քննության առնել հունիս 26-30 Տորոնտոյում տեղի ունեցող G8-ի եւ G20-ի տնտեսապես հզոր պետությունների քննարկելիք օրակարգի հարցերը եւ հանձնարարություններ կատարել այս ուղղությամբ:
Համագումարին մասնակցել են աշխարհի բոլոր կրոններից ավելի քան 100 ներկայացուցիչներ` քննելու երեք կարեւոր հարցեր` աղքատության դեմ պայքար, խաղաղություն եւ անվտանգություն, բնապահպանություն, կենսոլորտ:
Համագումարում Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացրել է ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
Ժողովին հրավիրված է եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` համակարգելու բնապահպանությանը նվիրված հատվածը: Այս մասին տեղեկացնում են Կանադայի Հայոց թեմից:


























