Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նրան մեղադրանք է առաջադրվելու ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նախկին քաղաքապետը, ինչպես նաեւ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ մի քանի անգամ հարցաքննվել են, հետեւաբար՝ այս գործի շրջանակներում, քաղաքապետից բացի՝ այլ մեղադրյալներ էլ կլինեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում: Ավելին՝ չի բացառվում, որ ոչ վաղ անցյալում քաղաքապետի պաշտոնից զրկված Նելսոն Ոսկանյանը այժմ էլ հայտնվի մեղադրյալի աթոռին: NEWS.am-ի տեղեկություններով՝ Նելսոն Ոսկանյանի գործունեությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր աղբյուրները հայտնեցին, որ նրա գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը վստահեցրել է, թե տեղյակ չէ, որ իր գործունեությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:




























