Հոկտեմբերի 23-ին Երեւանի Կիեւյան կամրջից նետվելով ինքնասպանության փորձ կատարած Այնթափ գյուղի 40-ամյա բնակիչ Սամվել Թովմասյանին հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը «Արմենիա» ԲԿ-ից ձերբակալել են գողության  մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց Սամվել Թովմասյանի փաստաբան Գայանե Գալոյանը:

«Սամվելը ընկերոջ հետ դաշտում ցլիկ է տեսել, այն տեղափոխել է՝ փորձելով գտնել տիրոջը: Ցլիկի տերն իմանալով դրա  գտնվելու վայրը, գնացել եւ հետ է պահանջել, Սամվելն էլ այն վերադարձրել է: Այդ ժամանակ ցլիկի տիրոջ ու Սամվելի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչից հետո տերը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն հաջորդ օրը նա իր բողոքը հետ է վերցրել»,-պատմեց տիկին Գալոյանը՝ նշելով, որ Սամվելը ինքնասպանության փորձ կատարել է՝ մտածելով, որ իրեն ձերբակալելու են:

Սամվել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կատարված գողություն):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին 40-ամյա Սամվել Թովմասյանը, որը բերանում ածելի էր դրել եւ արձակել ավելի վաղ կարած բերանը, Երեւանի Կիեւյան կամրջից ցած նետվելու փորձ է կատարել: ԱԻՆ փրկարար ջոկատին  հաջողվել է նրան հետ պահել:  Շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Դեպքի վայրում է եղել նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը խոստացել է Սամվելի պահանջները կատարել: