Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Օմեր Սուհան Թուրքիայի խորհրդարան է տեղափոխել Հայաստանցի Սուսաննա Մարգարյանի երկու որդիների՝ Թուրքիայի քաղաքացիության հարցը։

Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝  տարիներ առաջ Հայաստանից Թուրքիա տեղափոխված եւ Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալով քաղաքացիություն ձեռք բերած  Սուսաննա Մարգարյանի երկու որդիներին դեռեւս անհայտ պատճառներով զրկել են Թուրքիայի քաղաքացիությունից, իսկ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էլ իր հերթին նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։

Ինչպես նշել է թուրքական կայքը, Սուսաննա Մարգարյանը ամուսնացել է Հայաստանում, սակայն սոցիալական վատ պայմանների հետեւանքով հղի վիճակում եկել է Թուրքիա աշխատելու եւ Թուրքիայում էլ ծննդաբերել է, թե առաջին, թե երկրորդ տղա երեխաներին։  Սուսաննան 1997 թվականին ամուսնացել է Դուրան Ուսթունի հետ, սակայն վերջինս միայն 2006-ին է համաձայնվել երեխաներին գրանցել իր տանը եւ հայրություն, որից հետո եղբայրները Թուրքիայի քաղաքացիություն են ստացել։ 2013 թվականին դեռեւս անհայտ պատճառով երկու եղբայրներին զրկել են Թուրքիայի քաղաքացիությունից։

Հայ եղբայրները Թուրքիայի քաղաքացիությունը վերականգնելու համար դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն ապարդյուն։

Եղբայրների հարցով որոշել է զբաղվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Օմեր Սուհան, ով խորհրդարան է տեղափոխել այն։ Նա խորհրդարանում Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալայից պարզաբանումներ է պահանջել եղբայրներին քաղաքացիությունից զրկելու պատճառների մասին, ինչպես նաեւ պահանջել տեղեկացնել, թե ինչ պետք է անեն եղբայրները՝ քաղաքացիությունը վերականգնելու համար։