Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանը 2014թ. նոյեմբերի 11-ից մտադիր է կրճատել 16 շարքային եւ մեկ ավագ դիսպետչերի: Աշխատանքից հեռացվող մասնագետների գործառույթները կդրվեն օդանավերի թռիչքի եւ վայրէջքի համար պատասխանատու դիսպետչերների վրա, հայտնում է LifeNews-ը:
Վկայակոչելով ավիադիսպետչերների արհմիության կարծիքը` աղբյուրը նշում է, որ մնացած աշխատակիցների ծանրաբեռնվածությունը կավելանա, որից հետո կավելանա ավիամիջադեպերի ռիսկը: Արհմիությունում մտավախություն ունեն հոկտեմբերի 21-ի գիշերվա ողբերգության կրկնվելուց, երբ զոհվել էր Total նավթային ընկերության նախագահը:
Մասնագետները պնդում են, որ Վնուկովոյում նախկինում նույնպես կրճատել էին անձնակազմին` հուսալով մարդկանց փոխարինել տեխնիկայով: Սակայն տեխնիկան առանց ճիշտ շահագործման եւ վերահսկողության հաճախ է խափանվում:
Դեռեւս 1986 թ. մշակված ձեւաչափերի համաձայն` մեկ ավիադիսպետչերին բաժին պետք է ընկնի հինգից ոչ ավելի օդանավ: Սակայն այժմ դիսպետչերի հետ միաժամանակ կապի մեջ են դուրս գալիս 15–18 օդանավեր:



























