ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Լվածաղիկ Զանգեզուրի» անվանումով 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:
Հուշադրամի դիմերեսի ձախ մասում պատկերված է «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը, որի ծաղկաթերթիկների պատկերը անցնում եւ շարունակվում է դարձերեսին: Դիմերեսի աջ մասում եզրաշուրթի մոտ պատկերված է երկու ծաղկաթերթիկ, որից ներքեւ եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` 2010: Դաշտում ծաղկի եւ ծաղկաթերթիկների միջեւ ոճավորված պատկերներ են: Դաշտի ներքեւի մասում երկու տողով նշված է անվանական արժեքը, համապատասխանաբար` 1000 եւ ԴՐԱՄ:
Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը եւ ցողունները: Ծաղկի պատկերից ներքեւ մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի եւ հարգի պայմանական գրառումը` Ag 925: Եզրաշուրթի շրջագծով վերեւի աջում հայերեն, իսկ ներքեւի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ եւ Tanacetum zangezuricum:
Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա)::


























