Շվեդ պատվիրակ Գորան Լինդբլադին գնահատական կարելի է տալ միայն նրա աշխատանքի արդյունքը տեսնելուց հետո։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Լինդբլադին Հայաստանի հարցով նոր համազեկուցող նշանակելուն։
«Մինչեւ մենք չտեսնենք նրա աշխատանքը, ես չեմ կարող ասել նա ինչպիսի անձնավորություն է։ ՀՀ հարցով մյուս համազեկուցողներ Պրեսկոտի ու Կոլոմբիեի վերաբերյալ կարող ենք ասել, որ նրանք հակահայկական փաստաթղթերի տակ չեն ստորագրել, սակայն չեմ կարող ասել, որ նրանց աշխատանքից գոհ եմ»,-նկատեց Փոստանջյանը՝ միաժամանակ հավելելով, որ մյուս կողմից էլ Լինդբլադը Հրանտ Դինքի վերաբերյալ հստակ պահանջատիրական հարցադրումներ է արել Թուրքիային։ «Եթե ժողովրդավարության առումով այս մարդ պետք է օգտակար լինի մեր պետությանը, ապա դա միայն ողջունելի է»,-նկատեց Փոստանջյանը։
Ի դեպ, երբ ընդդիմադիր պատգամավորը փորձել է Լինդբլադից պարզել, թե ինչո՞ւ է վերջինս ստորագրել այնպիսի փաստաթղթի տակ, որում Հայաստանը ներկայացվում է որպես մոնոէթնիկ դարձող պետություն, որտեղ քրդերին սպանում են եւ այլն, Լինդբլադը արձագանքել է, թե գուցե ինքը սխալվել է։ Փոստանջյան էլ առաջարկել է գնալ եւ հետ վերցնել ստորագրությունը, սակայն շվեդ պատվիրակը պատասխանել է, թե ընթացակարգը թույլ չի տալիս հետ վերցնել ստորագրությունն այն փաստաթղթերի տակից, որոնք արդեն հրապարակվել են։
Նշենք նաեւ, որ Լինդբլադը ձեռնպահ է քվեարկել Շվեդիայի խորհրդարանում մոտ երեք ամիս առաջ քվեարկության դրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին։
Հիշեցնենք, որ ե'ւ Գորան Լինդբլադը, ե'ւ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամենամեծ՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (European People's Party) խմբից են։ Այն ԵԽԽՎ-ում ամենամեծ խմբակցությունն է։ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ժամանակ առաջ դիմել են ԵԺԿ-ին՝ անդամակցելու համար։


























