«Յանդեքս» ընկերությունը խոսքի ճանաչման «Յանդեքս.Դիկտովկա» հավելված է ներկայացրել, որն աշխատում է Yandex SpeechKit տեխնոլոգիայով: Նոր մշակումն ընկերությունը ներկայացրել է հոկտեմբերի 30-ին կայացած YaC համաժողովի ժամանակ:

Խոսքի ճանաչման Yandex SpeechKit տեխնոլոգիան ներկայացվել է անցյալ տարի: Ընկերության հավաստմամբ, համակարգը ցանկացած թեմայով տեքստեր կարող է ճանաչել մինչեւ 88% ճշտությամբ, իսկ աշխարհագրական թեմայով տեքստերը՝ 95% ճշտությամբ, որը մոտ է մարդու խոսքի ընկալմանը: Այսօր Yandex SpeechKit-ն աշխատում է ինչպես «Յանդեքս»-ի, այնպես էլ այլ մշակողների շուրջ 500 բջջային սարքերի հավելվածներում:

Ըստ Gazeta.ru-ի, «Յանդեքս.Դիկտովկա»-ն ցուցադրում է SpeechKit խոսքի տեխնոլոգիաների գործողությունները: Հավելվածը սկսում է աշխատել «Յանդեքս, ձայնագրի՛ր» ձայնային հրահանգով, ինչից հետո օգտատերը կարող է իր սմարթֆոնին կամ պլանշետին ցանկացած տեքստ թելադրել, ինչպես նաեւ ձայնի օգնությամբ խմբագրել այն եւ ուղարկել հասցեատիրոջը: Տեքստի վերջնական տարբերակը կարելի է լսել «Կարդա՛ ամբողջ» հրահանգով:

Ներկայում հավելվածը հասանելի է միայն Android-ի համար, Yandex.Store հավելվածների խանութում: Առաջիկայում այն կհայտնվի նաեւ հավելվածների այլ խանութներում: