«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի նամակն ուղղված Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւս մեկ անգամ վկայում է, որ իմ տված գնահատականը ճիշտ է»,- այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ԵՀՄՖ նախագահի նամակը:

Հիշեցնենք, որ Աշոտ Գրիգորյանն իր նամակում նշել էր, թե Էդվարդ Նալբանդյանն անհեռատես ու քաղաքականապես հոտառություն չունեցող գործիչ է: Գրիգորյանը հայտնել էր, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը քաղաքական հեռատեսություն, զգացողություն ու հոտառություն ուներ, մի բան, որն իսպառ բացակայում է Նալբանդյանի մոտ: «Դրանով է բացատրվում հայ-թուրքական արձանագրությունների ձեւակերպման այն խայտառակ մակարդակը, որն անմիջապես նկատեցին սփյուռքահայ իրավաբաններն ու քաղաքական գործիչները: Թե ինչ վիճակի բերեց մեզ այդ կիսատ-պռատ նախաձեռնությունը, այժմ հայտնի է ողջ հայությանը»,- ասել էր ԵՀՄՖ նախագահը:

Մինչ այդ Ա. Գրիգորյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ իրենք եվրոպական հատուկ ծառայություններից տեղեկություններ են ստացել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել են, որ Ղարաբաղում արագ պատերազմ կսկսեն, որի արդյունքում տարածաշրջան խաղաղապահներ են մտցվելու: Այս հայտարարությունը Տիգրան Բալայանն անվանել էր «հիմարություն», որը մեկնաբանման կարիք չունի: