«Ժառանգություն» կուսակցությունն իր արտահերթ համագումարում չի քննարկելու քաղաքական ուղեգծի փոփոխության հարցը, սակայն նախատեսվում է կուսակցության մարտավարության վերանայման քննարկում։  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով կուսակցության՝ հուլիսի 10-ին տեղի ունենալիք համագումարին։ Նա նաեւ նշել է, որ արտահերթ համագումարի օրակարգը դեռեւս վերջնականապես հստակեցված չէ, ու ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ «Օրակարգի ստույգ կետն այն է, որ  համագումարի ընթացքում կլինի նոր վարչության ընտրություն»,-նկատեց Արմեն Մարտիրոսյանը։ Ի դեպ, թեեւ դեռեւս ճշտված չէ նաեւ համագումարի հրավիրյալների ցանկը։

Հարցին, թե համագումարին կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա լինելո՞ւ է, կուսակցության վարչությանը նախագահն արձագանքեց. «Իհարկե, անպայման»։ Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս Հայաստանում չէ։ Նշենք, որ համագումարը տեղի է ունենալու հոլիսի 10-ին, ժամը 12։00-ին, Կառավարության նիստերի դահլիճում։