Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի՝ հետաքննության գծով տեսուչ Վահե Մանուկյանը: Նա մեղադրվում է շորթմամբ կաշառք ստանալու մեջ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Մանուկյանը նյութեր է նախապատրաստել քաղաքացի Կ.Աբրահամյանի կողմից Գ.Հակոբյանին ծեծելու դեպքի առթիվ, որի ընթացքում վերջիններս միմյանց հետ հաշտվել են. հետեւապես, գործող օրենսդրության համաձայն, նյութերով պետք է մերժվեր քրեական գործի հարուցումը: Սակայն Վ.Մանուկյանը՝ Կ.Աբրահամյանից գումար շորթելու նպատակով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նրա նկատմամբ նախապատրաստվող նյութերով քրեական հետապնդում չիրականացնելու համար նրանից պահանջել է կաշառք` միաժամանակ սպառնալով, որ պահանջված գումարը չտալու դեպքում նրան կենթարկի քրեական պատասխանատվության:
Պայմանավորվածության համաձայն` Վ.Մանուկյանը 2010թ. հունիսի 21-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիսի քաղաքապետարանի վարչական շենքի դիմաց հանդիպել է Կ.Աբրահամյանին, նստել վերջինիս անձնական օգտագործման «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենան, որտեղ անձամբ նրանից ստացել է կաշառքը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:


























