Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը միայն սահմանադրության մեջ չէ, այլեւ այն արժեքներում, որոնց հավատում են քաղաքական ուժերն ու հանրությունը միաժամանակ: Այս մասին նոյեմբերի 3-ին «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Վ. Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի Հեռանկարային հետազոտությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը
Ըստ նրա` օգտակար կլինի, եթե այդ խորհրդաժողովի նյութերը ներկայացվեն նաեւ քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք ծանոթանան դրանց եւ ներկայիս գործընթացներին ավելի համարժեք մոտեցումներ մշակեն:
Ի պատասխան այն հարցին, թե համաձայն է նա արդյոք այն պնդմանը, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով կլուծվի իշխանության վերարտադրության խնդիրը, Թորոսյանը նշել է. «Այն, ինչ այժմ մենք անում ենք, քաղաքական գործընթացներին գնահատական տալու նպատակ չի հետապնդում: Ցանկացած Սահմանադրություն ցանկացած ժամանակ կարելի է փոփոխել: Այս տեսակետից ոչ մի անսովոր բան չկա: Ավելի կարեւոր է այն` ուր են տանում այդ գործընթացները»: Կարելի է նշել մի քանի երկիր, հավելել է նա, որոնք հաճախ են փոխում իրենց Սահմանադրությունը, օրինակ` Վրաստանը, Ուկրաինան: «Սակայն չեմ կարծում, որ դա հատուկ օգուտ է բերում այդ երկրներին: Անհրաժեշտ է ընկալել կատարվածի էությունը եւ դրա հիման վրա գնահատական տալ: Ընդ որում, ամենակարեւորն այն է՝ տանում է արդյոք գործընթացը սահմանադարականության, արժեքների հաստատման եւ բարելավման, թե ոչ», - ընդգծել է Տիգրան Թորոսյանը:





























