ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար պատգամավոր, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը չի կատարում իր խոստումները: Երբ NEWS.am-ի թղթակիցը հունիսի 11-ին զանգահարել էր նրան, որպեսզի պարզի, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունում որ երկրի հավաքականին է երկրպագում եւ ում է ֆավորիտ համարում, նա հայտարարել էր, թե կպատասխանի աշխարհի առաջնությանը վերաբերող մեր հարցերին, եթե մենք նրանք դիմենք մամուլի ծառայության միջոցով, սակայն մինչ օրս չի արձագանքել: Ի դեպ, նա այնքան էր բորբոքվել այդ զանգից, որ որոշել էր դաստիարակության ու կիրթ լինելու դասեր տալ լրագրողին, ով «համարձակվել էր» զանգահարել նրա բջջային հեռախոսահամարին:
Հունիսի 15-ին NEWS.am-ը արդեն գրավոր նույն հարցով դիմել է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայություն, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել:
Երբ այսօր մենք փորձեցինք պարզել, թե ինչ ճակատագրի է արժանացել մեր նամակը, ՀՖՖ մամուլի ծառայությունից ասացին, որ իրենք ստացել են մեր նամակը, սակայն Ռուբեն Հայրապետյանը դեռ չի հայտնվել, որպեսզի հարցերը ներկայացվեն նրան եւ հայտնի էլ չէ, թե նա երբ կայցելի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:




























