ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ առկա  պահանջներն անընդունելի են, քանի որ բերելու են կա՛մ Արցախի հայաթափմանը, կա՛մ էլ պատերազմի։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ,  Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը։ Ըստ նրա՝ այսօր ԼՂ խնդրի լուծման հարցում Հայաստանը շտապելու խնդիր չունի, «քանի որ մենք լուծել ենք այդ խնդիրը ու մեր խնդիրն այսօր Թուրքիային Ցեղասպանությունը ընդունել տալն է»:

«Հավատացած եղեք, մեր բոլոր խնդիրների լուծումը Թուրքիային Ցեղասպանությունը ընդունել տալու մեջ է։ Եթե դա տեղի ունենա, ապա Արցախի խնդրի լուծումը բոլորովին այլ կլինի»,-նկատեց Շիրխանյանը։ Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին, ապա, ՍԴՀԿ անդամի խոսքով, Հայաստանը պետք է հրաժարվի շարունակել  բանակցությունները «Մադրիդյան սկզբունքների» շրջանակներում, դուրս գա բանակցային գործընթացից եւ դնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լեգիտիմության հարցը։ «Մինչեւ 1995թ.-ը Ռուսաստանը ԵԱՀԿ-ում պնդում էր, որ իրեն տրվի ԼՂ կարգավիճակի երաշխավորի մանդատ, սակայն Արեւմուտքը դա մերժեց, քանի որ տարածաշրջանում այսպիսով կմեծանար ՌԴ-ի ազդեցությունը, իսկ իրենը՝ կթուլանար։ Գտնում եմ, որ երկրներից մեկը եթե լինի երաշխավոր, դա մեզ համար շատ ավելի ընդունելի է, քան թե մի խումբ որոշ լիազորություններ ունեցող երկրներ, որոնք հետեւանքների համար պատասխանատու չեն»,-նկատեց ՍԴՀԿ անդամը։ Նա, նաեւ անդրադարձավ  ԼՂ խնդրի լուծման ձեւաչափի հնարավոր փոփոխությանը՝ նկատելով, որ պետք չէ փոխել առկա ֆորմատը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ այն որոշ չափով մասնագիտացել է։ «Սակայն Հայաստանը պետք է պահանջի այդ խմբի մանդատի հստակեցում։ Ի՞նչ մանդատ ունեն համանախագահող երկրները, պատերազմի վերսկսման դեպքում ո՞վ է պատասխանատու՝ կանխելու հետեւանքները։ Այս հարցը դեռեւս ճշտված չէ, իսկ  անորոշությունը  շատ վտանգավոր է մեր ապագայի համար»,-ընդգծեց Շիրխանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները ԼՂ հարցով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում արագացնել աշխատանքները հիմնարար սկզբունքների շուրջ: