ՀՀ պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնաբերել է ՀՀ ներկրվող 180 գրամ ափիոն ու մարիխուանա, ինչպես նաեւ 5 սրվակ հոգեմետ դեղեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, 140 գրամ մարիխուանան հայտնաբերվել է Գերմանիայից ստացված ծանրոցում` սուրճ պատրաստող սարքի մեջ: ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության (ՄԴՊ եւ ԿՄՀ) վարչության աշխատակիցները` «Հայ Փոստ»-ում, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Գերմանիայից ՀՀ քաղաքացի Ազատուհի Յարալյանի անվամբ ուղարկված ստվարաթղթե արկղը: Նրանում առկա է եղել սուրճ պատրաստող եւ ֆիլտրող սարք, որի ստորին անջատվող մասում էլ` երկու պոլիէթիլենային փաթեթների մեջ, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի 140 գրամ թմրամիջոց:
Թմրամիջոցի ներկրման մեկ այլ դեպք է կանխվել Մեղրիի մաքսակետում: Այս անգամ թմրամիջոցը թաքցված է եղել տաբատի աստառի մեջ: Մաքսանենգության դեպքը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետում` դարձյալ օպերատիվ տեղեկությունների հիման վրա: ՄԴՊ եւ ԿՄՀ վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից PRIDE SABA մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծնողների հետ ՀՀ ժամանած Ֆազել Ղոլամաբբասին: Արդյունքում նրա տաբատի աստառից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված հինգ կտոր ափիոն` մոտ 40 գրամ ընդհանուր քաշով: Բացի այդ, 5 սրվակ հոգեմետ դեղորայք է հայտնաբերվել Ղոլամաբբասիին պատկանող պայուսակում:
Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարի` 2003թ.-ի թիվ 691 հրամանի համաձայն, ափիոնի 25 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Կատարվում է քննություն:


























