Հարվարդի համալսարանում նոյեմբերի 13-ին տեղի կունենա դասախոսություն նվիրված Հրանտ Դինքի հիշատակին: Ինչպես գրում է արվարդ
«The Armenian Weekly»-ն, հիմնական զեկուցողը կլինի Կոլումբիայի համալսարանում ժամանակակից արաբական հետազոտություններով զբաղվող պրոֆեսոր Ռաշիդ Խալիդին, որը հանդես կգա «Առաջին համաշխարհային պատերազմի չսպիացող վերքերը. Հայաստան, Քուրդիստան եւ Պաղեստին» թեմայով: Բացման խոսքով հանդես կգա Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:
Ստամբուլում Հրանտ Դինքի սպանությունից անցել է 8 տարի: «Նրա մահը արձագանքում է մինչ օրս եւ իր մեջ վրեժ է կրում, որն ընդգծում է մարդու հանդեպ մարդու անմարդկայնություն: Նրա ժառանգությունը երբեք չի անհետանա: Արդարադատությունը դեռեւս չի հաղթանակել»,-ասել է «Հրանտ Դինքի ընկերներ» կազմակերպության նախագահ Հարրի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին, խմբագրության շենքի մոտ:





























