Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ իր կառավարությունը չի ձախողելու եւ չի կրկնելու Տիգրան Սարգսյանի ճակատագիրը: Այսօր` նոյեմբերի 5-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ ընդդիմադիր գործիչների` բյուջեի քննարկումից հետո արված հայտարարությունները, թե այս կառավարությունն էլ է ձախողվելու, չի համապատասխանում իրականությանը:
«Ես դեմ եմ կանխատեսումներ անելուն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ կառավարությունը հաջողություններ գրանցի, կապացուցենք, որ նրանց կանխատեսումները սխալ են: Քաղաքական ուժերի կանխատեսումներով ուղղորդվելը դրական չեմ համարում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերվում է ստվերի դեմ պայքարելուն, վարչապետը հայտնեց, որ իրենք արդեն զգալի հաջողությունների են հասել, դրա վառ ապացույցը պատկան մարմինների ներկայացրած հաշվետվություններն են:
Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է 2015թ.-ի բյուջեի նախագիծը:




























