Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նոր նախարարությունը կհամակարգի եւ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողներին հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նոր նախարարության խնդիրը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից բխող հարցերը կլինեն: Կարծում եմ, որ նախարարությունը նաեւ կզբաղվի Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության նոր օրակարգի մշակմամբ՝ Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը նոր մակարդակում իրացնելու նպատակով», - հայտարարեց Աշոտյանը:
Ի պատասխան հարցին՝ իսկ ինչ կլինի ավանդաբար այդ ուղղությունների համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարության հետ, Աշոտյանը հայտարարեց, որ այս հարցի պատասխանը չի մտնում կրթության նախարարի իրավասությունների մեջ:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելու, ինչպես նաեւ նոր նախարարություն (միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների) ստեղծելու որոշում է ընդունվել:




























