NEWS.am-ի զրուցակիցն է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը։

Պրն. Ապատյան, հայտնի է, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը երեկ նամակ է հղել Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» տնօրենին։ Կարո՞ղ եք ընդհանուր գծերով ներկայացնել նամակի բովանդակությունը։

Ինչպես հայտնի է, Թաիլանդի «Ռեգենտների դպրոցը» միջազգային բակալավրիատի ձեւաչափն իրականացնում է անգլերեն տարբերակով։ Սակայն քանի որ միջազգային բակալավրիատը հնարավոր է իրագործել ցանկացած լեզվով, հետեւապես ազգային կրթության զարգացման նպատակներից ելնելով՝ մեր նամակով «Ռեգենտների դպրոցի» ղեկավարությանը կոչ ենք արել, որ առավել խրախուսելի կլիներ, եթե դպրոցում ուսուցումը կազմակերպվեր հայերեն լեզվով եւ կրթական ծրագիրը տեղայնացվեր։ Մենք մեր նամակում նշել ենք այն բացասական կողմերը, որոնք կարող են ի հայտ գալ կրթական ծրագիրն անգլերենով իրականացնելու դեպքում՝ նկատելով, որ այս կերպ մարդկանց մոտ կարծիք կստեղծվի, որ եթե լավագույն դպրոցներից մեկն ուսուցումը կազմակերպում է անգլերեն լեզվով, հետեւապես մնացած բոլոր դպրոցները պետք է վարվեն նույն կերպ։

Ստացե՞լ եք ձեր ուղարկած նամակի պատասխանը կամ գոնե տեղյա՞կ եք, թե ինչ ժամկետներում թաիլանդական կողմը կպատասխանի ձեզ։

Հետեւյալը տեղի ունեցավ. նամակն ուղարկելուց մի քանի ժամ անց մենք զանգ ստացանք Հայաստանում Թայլանդի «Ռեգենտների դպրոցի» ներկայացուցիչը հանդիսացող «Գլոբալ Բրիջ» կազմակերպության տնօրեն Հայկ Հարությունյանից, ով մեզ տեղեկացրեց, որ մոտ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Ռեգենտների դպրոցի» ղեկավարի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը խոսք է գնացել Հայաստանում նման դպրոց բացելու մասին, սակայն ըստ Հարությունյանի, տեսակետ է հայտնվել, որ ծրագրի իրականացումը կապված է մեծ ծախսերի հետ, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի կողմերը նախագծի իրականացումը հետաձգեն 10-15 տարով։ Սակայն սրա մասին ասում է միայն «Գլոբալ Բրիջի» տնօրեն Հայկ Հարությունյանը։

Դուք ինքներդ նշեցիք, որ Հայաստանում Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» բացման հավանականությունը կասկածի տակ  է դրել Հայկ Հարությունյանը, բայց ոչ՝ հեղինակավոր դպրոցի տնօրինությունը։ Հակվա՞ծ եք հավատալ նրա բանավոր հավաստիացումներին եւ դրանց վերաբերվել իբրեւ պաշտոնական հայտարարության։

Քանի որ նա դժգոհ էր այն փաստից, որ մեր նախաձեռնող խումբը նամակ է ուղարկել «Ռեգենտների դպրոցի» ղեկավարությանը, մեկ անգամ եւս նշեց, որ նման դպրոց չի բացվելու, եւ շահարկումներ այս թեմայով չպետք է լինեն։ Ես նրան խորհուրդ տվեցի այս թեմայի շուրջ մամուլի ասուլիս հրավիրել եւ ասել՝ նման դպրոցի բացում նախատեսվո՞ւմ է, թե ոչ։ Բայց նա պատասխանեց, որ ասուլիս տալու տրամադրություն չունի։

Այնուամենայնիվ, պատրաստվո՞ւմ եք դպրոցի բացվել-չբացվելու հարցի առնչությամբ կոնկրետ պարզաբանումներ ստանալ հաջորդ շաբաթ Հայաստան ժամանող «Ռեգենտների դպրոցի» ռեկտոր Վիրաչայի Տեչավիջիտից անձամբ։

Նա Հայաստան գալու է ոչ «Ռեգենտների դպրոցի» բացման համար. պարզապես ամեն տարի Թաիլանդում ուսումը շարունակելու նպատակով մի քանի տասնյակ մարդ է ընտրվում։ Այնպես որ, նման մի գործընթաց էլ հիմա է լինելու, եւ Թայլանդի «Ռեգենտների դպրոցի» ղեկավարը Հայաստան է գալու այս առիթով։

Ինչ վերաբերում է Վիրաչայի Տեչավիջիտիի հետ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի հնարավոր հանդիպմանը, մենք դա դեռ չենք քննարկել։ Եթե դա հնարավոր լինի, եւ նա ցանկություն ունենա հանդիպել մեզ հետ, հաճույքով կհանդիպենք նրան։

Հայտնի է, որ անցած շաբաթ օրը՝ հունիսի 26-ին, ձեր նախաձեռնող խումբը հանդիպել է «Դիլիջան» միջազգային դպրոցի ծրագրի պատասխանատու Նունե Ալեքյանի հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել եւ ի՞նչ առաջարկություններ են արվել հանդիպման ընթացքում։

Առաջարկությունները եւ մտահոգությունները եղել են նույնը, ինչ որ Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» տնօրենին ուղղված նամակի բովանդակությունը, այն է՝ տեղայնացնել միջազգային բակալավրիատի ծրագիրը։ Հանդիպման ընթացքում մենք քննարկում էինք՝ ինչպե՞ս կարելի է դա անել, եւ ընդունելի՞ է արդյոք առաջարկությունը «Դիլիջան» միջազգային դպրոցի տնօրինության համար։ Բացի այդ, Նունե Ալեքյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցում սովորելու են շուրջ 600 աշակերտներ, որոնց 1/3-ը՝ հայաստանցիներ կլինեն, 1/3-ը՝ երեխաներ, որոնց ծնողներից մեկնումեկն է հայ, իսկ մնացած 1/3-ը՝ մարդիկ, ովքեր որեւէ կապ չունեն Հայաստանի հետ, սակայն կցանկանան սովորել այդ դպրոցում։  

Զրույցը վարեց Անի Ղազարյանը