Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան խորհրդական Արա Ավետիսյանը նոյեմբերի 3-ին Ճանապարհային երեւեկության անվտանգության տեսչությանը պատկանող ավտոմեքենային հարվածել է մերկասառույցի պատճառով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին դեսպանատնից:

Նրանց փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Արա Ավետիսյանը աշխատանքի գնալու ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ հարվածել դիմացից եկող մեքենային:

«Արձանագրվել է վթարի, բարեբախտաբար վիրավորներ չկան, իսկ նյութական պատասխանատվությունն էլ ապահովագրական ընկերության վրա է: Այնպես որ դեպքի առթիվ կազմվել է միայն արձանագրություն»,- հայտնեցին դեսպանատան աշխատակիցները:

Նշենք, որ ըստ Gazeta.ru-ի՝ նոյեմբերի 3-ի առավոտյան Մոսկվայի Չերկիզովյան նրբանցքում դեսպանատան Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկության գիծ եւ բախվել Մոսկվայի Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետավտոտեսչությանը պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: