ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն արձագանքել է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի կողմից ՀՅԴ-ի հասցեին արված քննադատությանը: Անդրադառնալով Հ. Բիշարյանի այն հայտարարությանը, որով նա կասկածի տակ էր դրել ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքը, Վահան Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակիցի հետ զրույցում նշել է, որ տիկին Բիշարյանի զայրույթի պատճառն այն է, որ ՕԵԿ-ում այդպես էլ չեն հաշտվում այն մտքի հետ, որ երբ դաշնակցականները հրաժարականներ էին տալիս եւ անցնում ընդդիմադիր դաշտ, ոչ մի դաշնակցական չնախընտրեց դուրս գալ կուսակցությունից, բայց մնալ պաշտոնում, այնինչ երբ ՕԵԿ-ն էր կոալիցիան լքում, նման դեպքերի պակաս չկար:
«Դաշնակցական պատգամավորները, ի տարբերություն ՕԵԿ-ականների, երբեք չէին հայտարարում, թե իրենց ճակատներին ինչ-որ բան է դաջված, ինչպես որոշ ՕԵԿ-ականներ էին հայտարարում, թե իրենց ճակատին հավերժորեն «Օրինաց երկիր» է դաջված, իսկ հետո գնացին, կառավարական կուսակցություններ մտան»,- ասաց դաշնակցական գործիչը, հավելելով, որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս էր եկել միայն նախընտրական նկատառումներից ելնելով, այնինչ ՀՅԴ-ի դեպքում որեւէ պայմանավորվածություն իշխանությունների հետ չի եղել եւ չկա:
«Արթուր Բաղդասարյանը, որպես անվտանգության խորհրդի քարտուղար, շատ լավ գիտի, որ ՀՅԴ-ն ոչ մի պայմանավորվածություն չունի իշխանությունների հետ, դրա համար էլ նման ակնարկներ անելու պատասխանատվությունը կամ հանձնարարականը թողնում է իր կուսակիցների, տվյալ դեպքում Հեղինե Բիշարյանի վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մինչ այդ, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը ՀՅԴ-ի մասին ասել էր հետեւյանլը. «Մի՞թե ակնհայտ չէ տարբերությունը նախկին ընդդիմադիր ՕԵԿ-ի եւ ներկայիս ընդդիմադիր ՀՅԴ-ի միջեւ: Դե՛, Վահանն է, էլի՛, իրեն որտեղի՞ց այդքան համարձակություն, որ վտանգի տակ դնի իրենց գործարարներին, իշխանությունից առայսօր պահպանած չալաղաջ պաշտոնները եւ, ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ, պահանջի նախագահի հրաժարականը: Բա նախագահը չի զայրանա՞, ու ասի՝ բա մեր պայմա՞նը, ընկե՛ր Վահան»:




























