Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի թոռը ցուցադրել է լուսանկարների եւ ֆիլմերի անձնական արխիվը, որոնք նվիրված են նրա հանրահայտ պապի անձնական կյանքին: Այս մասին տեղեկացնում է Russian Today-ը:

Բեռնարդ Ռուիզ Պիկասոն իր պապի անձնական արխիվը փոխանցել է բրիտանացի արվեստաբան եւ իսպանացի նկարչի ստեղծագործությունների առաջատար մասնագետ սըր Ջոն Ռիչարդսոնին:

«Դրանք հարյուրավոր լուսանկարներ են, որոնք աշխարհը դեռեւս չի տեսել: Անհավանական զգացողություն է մեծ նկարչի կյանքի տարբեր ժամանակահատվածներից լուսանկարները դիտելը՝ դրանք արվեստագետի նկարների կամ նրա կյանքի իրադարձությունների հետ համեմատելով: Դա թույլ է տալիս իսկապես «բացահայտել» նրան, նրա կյանքին նայել 3D ռեժիմով»,- Ջոն Ռիչարդսոնի խոսքերն է մեջբերում բրիտանական The Guardian-ը:

Արխիվում տարբեր բնույթի լուսանկարներ կան, օրինակ՝ նկարչի կյանքում եղած անհամար կանանց նկարներ, այդ թվում նրա առաջին կնոջ՝ Օլգայի եւ սիրեցյալի՝ ֆրանսիական աստղ Դորա Մաարի:

Պաբլո Պիկասոն ճանաչվել է վերջին 100 տարիներին ապրած արվեստագետներից լավագույն նկարիչը: Նրա կտավները նկարի գողությամբ զբաղվողների շրջանում «ճանաչվածության» առումով առաջին տեղում են: