Առաջիկայում Մալայզիան կմասնակցի ուղեւորատար Boeing-777 ինքնաթիռի կործանման պատճառների քրեական հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մալազիական տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգլայուին:
«Ներկայում մենք մասնակցում ենք միայն տեխնիկական հետաքննությանը եւ մասնակցություն ենք ունենալու նաեւ քրեականին»,- ասել է տրանսպորտի նախարարը:
Մալայզիացի քննիչները նախկինի պես սպասում են հետաքննությանը մասնակցելուն, որը վարում են Ավստրալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների եւ Ուկրաինայի նրանց գործընկերները:
Հիշեցնենք, որ այցով Կուալա Լումպուրում գտնվող Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել էր, որ Boeing-777-ը չվերթ էր իրականացնում Մալայզիայի դրոշի ներքո, ողբերգությունն այդ երկրի քաղաքացիների կյանքն է խլել, այդ պատճառով միանգամայն տրամաբանական եւ օրինաչափ է, որ երկիրը լիարժեք մասնակցություն ունենա քրեական հետաքննությանը:
«Մալայզիական ավիաուղիներին» պատկանող Boeing-777 ինքնաթիռը կործանվել է հուլիսի 17-ին: Օդանավում գտնվող բոլոր 298 ուղեւորները զոհվել են: Նրանց մեծ մասը՝ 193 հոգի, Նիդեռլանդների հպատակներ էին:




























