Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին ռուսական երկրորդ սերնդի YotaPhone սմարթֆոն է նվիրել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Նրա խոսքով, սմարթֆոնի մեջ ներբեռնել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության խորհրդանիշերը:

Հիշեցնենք, որ Պուտինը Պեկին է ժամանել՝ մասնակցելու Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողովին: Չինաստանն ու Ռուսաստանը 17 փաստաթուղթ են ստորագրել, որոնք վերաբերում են գազային եւ նավթային ոլորտներում համագործակցությանը: Ստորագրվել է նաեւ, այսպես կոչված, արեւմտյան երթուղով Չինաստանին ռուսական գազի մատակարարման հուշագիր, ինչպես նաեւ «Ռոսնավթ»-ի եւ չինական CNPC-ի միջեւ համաձայնագիր:

Աղբյուրը նշում է, որ երկրորդ սերնդի YotaPhone-ի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2014 թվականի դեկտեմբերին: YotaPhone սմարթֆոնի առանձնահատկությունը երկրորդ էկրանն է, որն արված է E-Ink տեխնոլոգիայով: Այն հնարավորություն է ընձեռում պահպանել պատկերը՝ առանց էներգիա ծախսելու: Այն բավական հզոր Snapdragon 800 պրոցեսոր ունի, NFC տեխնոլոգիա եւ անլար լիցքավորման հնարավորություն: