«Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի հոր գերեզմանը, ինչպես նաեւ ոչ հեռու գտնվող մզկիթը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իրաքյան Al Mada Press լրատվական գործակալությանը:

Պայթյունի հետեւանքով մզկիթի շենքն ու գերեզմանն ամբողջությամբ ոչնչացվել են: Զինյալները մզկիթի ներսում եւ դրա շրջակայքում ինքնաշեն պայթուցիկ սարքեր են տեղադրել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրաքի նախկին նախագահի հոր գերեզմանի վրա հարձակում էին գործել նաեւ 2006 թվականին: Այն ժամանակ գերեզմանն ու մզկիթը զգալի վնասվել էին:

«Իսլամական պետություն»-ն Իրաքում ձեւավորվել է 2013 թվականի սկզբին: ԱՄՆ-ն Իրաքում ռազմական գործողություններ է սկսել օգոստոսի 8-ին: Սեպտեմբերի 23-ից ամերիկացիներն ու նրանց դաշնակիցներն ավիահարվածներ են հասցնում Սիրիայում զինյալների դիրքերի ուղղությամբ: